Էսսեներ




ԵՐԿԻՐ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ



Ամբոխն անկառավարելի էր։

Նրանք շարժվում էին միմյանց կոխկրտելով, նզովելով ինչ-որ մեկի քրտինքը, որ սոսինձ էր բյուր մարմինների վրա և ծորում էր ոտքերն ի վար՝ լպրծուն խորշանք առաջացնելով։
Նրանք դուրս էին եկել Երուսաղեմ մեծն քաղաքից և շարժվում էին լյառն ի վեր՝ դեպի Գողգոթա։

Յուրաքանչյուր ոք ի՛ր տարածքն էր ազատագրում խուռնախիտ հորձանքում, յուրաքանչյուր ոք պայքարում էր յուր եզակի քայլն անելու համար։

Ճանապարհից դուրս, գարնան հյութեղ խոտերի ու ծաղիկների մեջ արնաշաղախ մարմիններ էին թավալվում։ Այս մարդիկ ձախողվել էին իրենց ուժասպառության մեջ, և ճզմվել էին ոտնատակ, և ծնկասող ազատագրվել էին փոշեկոլոլ խաժամուժից, սակայն հաշմանդամ էին այլևս։

Մահապատժի պատկերը տեսնելու ցանկությունն առավել զորեղ էր, քան սեփական կյանքը հանկարծ չկորցնելու խելամտությունը, և ամբոխը շարժվում էր թերևս ոչխարային բնազդով, կոկորդալի աղաղակների մեջ խորտակելով նզովք, ցասում և հառաչանք։ Այս ամենին գումարվում էր հռոմեացի հեծյալների բիրտ կարգուկանոնը։Նրանք նեղում էին մարդկանց հակընդդեմ կողմերից՝ ստույգ պահպանելով լյառն ի վեր ծավալվող գործողության ընթացքը, իսկ բազմալեզու նրանց մտրակները խարազանում էին ճանապարհից շեղվող օրինազանցներին, որ Գողգոթա հասնելու այլ ուղիներ էին որոնում։

Յուրաքանչյուր ոք առանձնահատուկ սիրտ էր մեկ համաձույլ սրտի մեջ, և յուրաքանչյուր ոք այրվում էր խաչափայտերին ամենամոտը լինելու մոլուցքով։

Երգեցիկ թռչուններ կային գլխավերևում, իսկ մթնոլորտը հագեցած էր արյան, գոմաղբի ու քրտնախաշ անութների միահույլ ժահրով։

Եվ կար մեկը, որին Սիմոն Կյուրենացի էին կոչում։ Նա դուրս էր եկել առօրյա իր գործերից և այս ամենին առնչվելու ցանկություն չուներ բնավ։ Նա չգիտեր և չէր էլ կարող ենթադրել, որ քայլում է ի վերուստ տրված մարգարեության ճանապարհներով, իսկ հռոմեացի լեգեոներները շուտով ստրկացնելու են իրեն։

Մեծամեծ այս իրադարձությունների պահին, Երուսաղեմի հողաշեն տներից մեկում հանգչում էր Սիմեոն անունով ծերունու միտքը։ Հենց նա էր օրհնել ութ օրական Հիսուսին, երբ ժամն էր գործողության, և քահանայապետի առջև կանգնելու ժամանակն էր։ Սա եղել էր երեսուներեք տարի առաջ, և Սիմեոն ծերունին սպասման ու սարսափների մեջ էր սպառել իր կյանքի հետագա օրերը։ Անկողնուն մեկնված մարմինը չոր էր, կապտասև մաշկով, իսկ դեմքն ի վար գլորվում էին պսպղուն արցունքներ։ Նա գիտեր, թե ինչ իրադարձություններ են ծավալվում Երուսաղեմ մեծն քաղաքից դուրս, գիտեր մարդկանց անուն առ անուն և կարող էր ստույգ ասել, թե ո՛ւմ ձեռքերում են հիմա մահապատժի մեխերն ու հսկայական մուրճերը, որ գործի են դրվում ահռելի ուժով։ Ամենը բաց ու մերկ էր, և չկար ծածուկ մնացող մի բան, քանզի երկինքն էր բացվել ծերունու աչքերի առջև, և նա երկնքում էր տեսնում ողբերգության հայելային արտացոլանքը։ Ահա Հիսուս Նազովրեցին ծնկում է խաչափայտի ծանրությունից՝ ուժասպառության մեջ հևասպառվելով, իսկ հռոմեացի զինվորները բերում են առաջին պատահած մարդուն։

- Այդ դո՞ւ ես, Սիմոն,- շշնջում է անկողնուն մեկնված զառամյալը՝ ինքնաբավ ժպիտ ճանաչելով.- և դու դեռ դիմադրո՞ւմ ես, թշվառակա՛ն։

Մարգարեն ճշմարտությունն էր բարբառում, քանզի Կյուրենացի կոչվող Սիմոնը հրաժարվում էր խաչափայտն ի Գողգոթա տանելու աշխատանքից, իսկ լայնաթիկունք լեգեոներներն ընկճում էին նրա ըմբոստությունը մտրակածեծով։

Գարնան անցողիկ թուխպն էր լողում երկնքում, իսկ սրասայր կայծակները հոշոտում էին նրա բազմածալ մարմինը։

Անձրև

Ծանրակշիռ կաթիլները փշրվում են, իսկ երեխան սեղմվում է հորը՝ նրա թևի տակ պաշտպանություն որոնելով։

- Հետո ի՞նչ եղավ, հայրիկ, պատմիր ինձ շարունակությունը։

- Հետո եկավ ապրելու մե՛ր ժամանակը, որդիս։

Պատանին լռում է դեռ՝ ծանրութեթև անելով հոր վերջին խոսքը, իսկ անձրևի հետ համբուրվող յասամանները մեռնում են հաճույքից։


Ես լսում եմ աշխարհի արարման անձայնությունը, որ առկա է Ղուկասի ավետարանում և ներկայություն ունի երեխայի հետաքրքրությա՛ն մեջ։

Ինչ-որ տեղ ապրում է իմ գոյության սկիզբը, սակայն ես չգիտեմ ճանապարհներ, որոնք սկզբնավորվում են երկրից, բայց ավարտվում են երկնքում։

Ես հեծյալն եմ իմ մտքի և ահա իջնում եմ Գողգոթա բարձունքից՝ ինձ հետ բերելով ճանաչողության խոհը։ Նրանք բոլորը ընտրյալներ էին, և նրանցից յուրաքանչյուրը ի՛ր տեղն ուներ ողբերգության թատերաբեմում։ Անգամ ճամփեզրին թավալվող հաշմանդամները պիտի ոնտնակոխ լինեին նախապես, և մեխը գերանի մեջ մխրճող զինվորը պիտի զորավոր լիներ հատկապես ա՛յդ հարվածի համար։ Եվ եթե երկնքո՛ւմ պիտի արտացոլվեր խաչելության պատկերը, ապա Աստծուն նաև հաճո էր, որ բացվեն երկնքի դռները ոմն Սիմեոն ծերունու առջև։ Իսկ եթե կար մի մարդ, ով ըմբոստանում էր՝ կանխավ հայտնի մարգարեությունը մերժելով, միևնույն է, նա ի վերջո անցավ յուր ճանապարհն ու տարավ խաչն ի Գողգոթա, քանզի անհողդողդ է Վերին իշխանության կամքը։

Ես գիտեմ, որ մարդը ստեղծված է երկրի փոշուց, որպեսզի արմատ ունենա իր եզակի հողում, որպեսզի սնուցվի նրա եզակի գոյությունը նախնիների կյանքով։

Հողը հայրենիք է դառնում արյան հիշողությամբ, իսկ մենք բոլորս փորձում ենք հասկանալ, թե առանձնահատուկ ինչն է շղթայում մեզ մեր ծննդավայր երկրին։

Սակայն մի՞թե չգիտես սա, սիրելի ընթերցող, և մի՞թե մեծ է գաղտնիքը, որ ես կբացահայտեմ ևս մեկ անգամ՝ կրկին վկայելով սերը։

Վերցրո՛ւ քո երկիրը, տեղավորիր այն քո սիրո աննշան հատիկի մեջ և կունենաս հայրենիք։

Բայց մի՞թե ճշմարիտ կարող է լինել տարօրինակ այս ճշմարտությունը։

Հետևիր ինձ, սիրելի ընթերցող, և կհասկանաս խոսքերիս իմաստը։

Երկիրն ի վերուստ տրվում է անվերադարձ, քանզի չկա մեկը, ով կարող է ճակատագիր վերադարձնել։

Երկիրը Հայրենիք է դառնում սրբություններով։

Երկիրը Հայրենիք է դարձնում սրբության առջև ծնրադրող մարդը։

Երկիրը ներծծվում է արյանդ մեջ, երբ քեզ վիճակված հողն ընդունում ես իբրև Հայրենիք և սրբություն ես համարում հողում ննջեցյալների ներկայությունը։

Երկիրը սիրվում է Հայրենիքի սիրով

Երկիրը արժևորվում է Հայրենիքի սրբությամբ։

Դու քո երկիրն ես արտասվում, երբ վիրավորում են Հայրենիքդ, և քո երկիրն է գլորվում այտերդ ի վար, երբ Հայրենիքիդ սրբությունն են մատաղ անում։

Երկիրը չափվում է Հայրենիքի մեծությամբ

Երկրի հունդը հասունանում է Հայրենիքի հոգևոր դաշտերում։

Երկիր պահելու կռիվը պետք է Հայրենիք ազատագրող պատերազմ լինի

Երկրից հեռացողի խեղճությունը չպետք է վարակի Հայրենիքում խեղճացողին։

Երկրի հանդեպ սերը սնվում է Հայրենիքի արմատներով

Երկրի քարերը սրբատաշվում են Հայրենիքում։

Երկրում ծեծվող երեխան Հայրենիքի որբն է

Երկրում ծաղրվող ծերությունից զառամում է Հայրենիքը։

Երկրի վերքից արնահոսում է Հայրենիքի խիղճը

Ու եթե մարդը տառապում է իր երկրում, միևնույն է, նա Հայրենիքում է խոստովանում իր ցավը։

Մարդը պարտվում է իր երկրում, երբ նրանից խլում են Հայրենիքում արժանապատիվ ապրելու հնարավորությունը։

Չարքաշ կյանք տուր երկրում բնակվողին, և կսասանես նրա հայրենասիրությունը։

Ստրկացրու երկրի ժողովրդին, և նա կընդունի բոլորովին նոր արժեքներ, որոնք Հայրենիքի սրբությունն են պղծում։

Գլխատիր Հայրենիքը երկրում, և աստիճանաբար վերացող ցեղ կդարձնես երկրի ժողովրդին։

Այնինչ հավիտենական է գագաթը Սիրո, և անփոփոխ է բառը մարգարեության...
Երկիրն ի վերուստ տրվում է անվերադարձ, քանզի չկա մեկը, ով կարող է ճակատագիր վերադարձնել։


Ահա սա՛ տեսա իմ երկրում և Հայրենիքո՛ւմ վկայեցի ճշմարտությունը։


Սմբատ Բունիաթյան

Комментариев нет:

Отправить комментарий