среда, 18 марта 2020 г.



ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ










ՃԱՆԱՊԱՐՀ


Ես մեկնում եմ:

Ես կմեկնեմ վաղը:

Ճանապարհն անվերջ երկար է:

Եվ գնացքն էլ վերջ չունի կարծես:

Գնացքակազմը՝ տասնյակ, կամ, գուցե՝ հարյուր հազար վագոններ:

Եվ յուրաքանչյուր վագոնն ունի  հարյուր պատուհան, որովհետև յուրաքանչյուր վագոն մեկ հարյուրամյակ է:

Ես վերջին վագոնը կբարձրանամ, որպեսզի գեթ փոքր ինչ մոտ լինեմ քեզ:


Սմբատ Բունիաթյանի թարգմանությամբ

среда, 3 апреля 2019 г.





ԱԲՍՈՒՐԴԻ ԺԱՆՐՈՒՄ

Կանխավ հայտնի քո ճակատագիրը 


(աբորիգենի հուշերից) 


Պատերազմը մեզ երջանիկ դարձրեց: Հետևելով Պատվիրանին, մենք սիրում էինք թշնամուն և առանձնահատուկ հաճույքով էինք ջարդում նրա գլուխը: Աննախադեպ այս իրավիճակում մենք հասկացանք հանկարծ, որ չենք կարող երջանիկ ապուշներ լինել առանձին-առանձին՝ միմյանց հեղինակազրկելով ու ստորացնելով: Ուստի պետք է երջանիկ ապուշներ լինենք կուռ միասնության մեջ, որպեսզի մեր սիրելի պատերազմը հանկարծ չավարտվի: Այս նպատակին հասնելու համար աբորիգենների Պաշտպանության նախարարը հանդես եկավ հոգեզառանցական հայտարարությամբ. 

– Սիրելի ժողովուրդ: Ահա ջանք ու եռանդ չեմ խնայում, զօր ու գիշեր թքում եմ թշնամու փշալարերին՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով, և թշնամության նորանոր պայմանագրեր եմ կնքում մեզ հետ սիրով պատերազմող պետության հետ: Ամեն օր ապտակեք ձեր հարևաններին ու կռվեք իրար հետ, որպեսզի կատաղած լինենք ազգովի ու անկառավարելի լինենք:

 – Չար սատանա,- օրհնում էին պառավները՝ միմյանց լուծողական հյուրասիրելով,- սրա վերջը ի՞նչ կլինի:

 Վերջը չգիտեմ, հարգելի ընթերցող, բայց սկիզբը չափազանց խոստումնալից եղավ: Մենք հոգս չունենք այլևս, քանզի իմացյալ մահն անմահություն է: Ուստի անգիտակցաբար ապրում ենք մինչ օրս, որովհետև գիտակցաբար մահացել ենք առ այս: 

– Հիմա մենք ո՞ղջ ենք, թե՞ ընդհակառակը,- իսկապես հուզվում էին երկրորդական նշանակության մարդիկ:

 – Մենք անմահ ենք,- ի միջի այլոց բացատրում էին կարևորները: 

Այս նպատակին հասնելու համար, աբորիգենների պետության նախագահը կազմալուծեց պետության համար վտանգ ներկայացնող Ազգային ակադեմիան՝ շենքը հողին հավասարեցնելով, իսկ գործազուրկ խեղճ ու կրակներին, որ գիտնականներ էին ի դեպ, մեկտեղ խաչասերեց՝ ճակատագրերի գիտահետազոտական ինստիտուտ կազմավորելով: Եվ այսպես, ծննդատնից դուրս գրվող յուրաքանչյուր կին, օրենքի տառին հնազանդվելով, իր երեխային նախ տանում էր ճակատագրերի գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ հմուտ մասնագետը համապատասխան նշումներ էր կատարում ապագա զինգրքույկի մեջ և համապատասխան ճակատագիր էր գրոտում երեխայի ճակատին: Տվյալ գործողությունից հետո գալիս էին եկեղեցու գաղտնի ծառայության սարկավագներն ու մկրտում էին երեխային՝ մյուռոնը, մկրտության ջուրը, քավորի անձնագիրն ու ճակատագիրը երկինք ուղարկելով: 
Տոն և անձրևոտ օրերին երկինքը ճակատագիր չէր ընդունում: 

– Դուք հասկանո՞ւմ եք, որ այս ամենը ցնդաբանություն է,- հանկարծ հոխորտում էին թերահավատ մարդիկ, որ հայելու մեջ չէին նայել իրենց ծննդյան փուչ օրից (Հ.Թ.) ու չէին կարդացել սեփական ճակատագիրը: 

– Երանի ձեզ նմաններին,- հերսոտում էին հոգսաշատ մարդիկ, որ հայելու առաջ էին կանգնում ամեն օր, առնվազն՝ երեք անգամ ու արտասվում էին մեծ-մեծ արցունքներով՝ սեփական ճակատագիրը վերընթերցելիս: 

Ամբողջ այս ժամանակահատվածում թշնամին սիրո խոստովանություններ էր տարածում աշխարհով մեկ՝ տեղեկատվական պատերազմ թեժացնելով, իսկ աբորիգեն լրագրողուհիները նրանց պատասխանում էին մարդասիրական դաժանությամբ, ինչը շատ ցայտուն ցայտում էր նրանց կիսատ-պռատ լրատվությունից:

– Տեսա՞ք,- վիրավորվում էր թշնամի կողմը՝ խաղաղության աղավնու գլուխը պոկելով,- տեսա՞ք մեզ ոնց անարգեցին: Բանակցություններ չեն լինելու այլևս: Պատերազմ ու՝ վերջ: Մենք ձեզ շատ ենք սիրում: 

– Թքել եմ բոլոր բանակցությունների վրա,- մեղմ զայրանում էր աբորիգենների Պաշտպանության նախարարն ի պատասխան: Նո՛ր պատերազմ՝ նո՛ր տարածքների դիմաց: Մենք ձեզ ավելի շատ ենք սիրում: 

Համանման հայտարարություններից հետո ճակատագրերի գիտահետազոտական ինստիտուտը կաթվածահարվում էր:

– Ա՜խ, անտեր մնացինք, բա մեր երեխաների ճակատագիրն ո՞վ կգրի,- հուզվում էին տակավին հղիներն ու հղիության իններորդ ամսում հասունացողները՝ յուրաքանչյուր կաթվածից հետո:- Շան չարչարանք քաշեցինք մինչ հղիանալը: Ախր սա ի՞նչ կյանք է: Ապրում ես քեզ համար և հոգս էլ չունես առանձնապես, բայց օրերից մի օր բռնում հղիացնում են: Սա դեռ ոչինչ: Ամենադժվարը հիմա է լինելու, քանզի կյանք մտնող երեխան չի կարող ճակատագիր չունենալ ընդհանրապես կամ գոնե ընդհանուր գծերով: 

– Հանգի՛ստ, հանգի՛ստ,- հոխորտում էին հանրապետության պառավները, որ իրենց կյանքն էին անիծում օրն ի բուն և լուծողական էին ընդունում կանոնավոր հաճախականությամբ, որպեսզի ճակատագիր լուծեն: Նրանք ընդհանրապես դուրս չէին գալիս զուգարաններից, իսկ մատաղ սերունդը դռներն էր կոտրում՝ հստակ արտահայտելով իր պահանջն առ այն, որ հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ունի զուգարան գնալու իրավունք և սեփական ճակատագրից մի մասնիկ կղկղելու իրավունքն ունի: 

Սակայն չշեղվենք: 

Պատերազմի շնորհիվ մեզանում բարգավաճում էին առևտուրը, կրոնն ու ստախոսությունը, իսկ սկանդինավյան երկրները մեռնում էին նախանձից, որովհետև ամենաերջանիկ ժողովուրդն աշխարհում մենք ենք: Պատերազմը պետության արդարացումն է, քանզի երկրում առկա քաղցը, հոգևոր ու բարոյական սնանկությունը պատասխանատվություն են պահանջում, իսկ պատերազմը փրկում է չինովնիկին պատասխանատվության կառափնարանից: Կարծում եք չափազանցնո՞ւմ եմ: Բնավ ոչ, սիրելի աբորիգեններ, այլ կարող եմ ի լրումն ասել, որ պլատոնական սիրո ժամանակահատվածում հակամարտող կողմերը պապանձվում էին՝ «Հրադադար» ռեժիմը կիրառելով, իսկ ռազմական գործողությունները գլուխ էին բարձրացնում այնժամ, երբ սեռական ցանկություններն էին բոցավառ: 

Ամբողջ այս պատմությունը մի ելակետ ունի: Հետևելով Պատվիրանին, մենք քրիստոնեական սիրով ենք սիրում թշնամուն և ջարդում ենք նրա գլուխն առանձնահատուկ հաճույքով: Աննախադեպ այս իրավիճակում մենք հասկացանք հանկարծ, որ չենք կարող երջանիկ ապուշներ լինել անհատապես, այլ պետք է երջանիկ ապուշներ լինենք կուռ հնազանդության մեջ, որպեսզի խաղաղության գնդակներով գնդակահարվողները աննկատ մեռնեն մեզանում, իսկ մեր սիրելի պատերազմն արդարացնի նրանց քաղաքացիական մահը: Ահա հենց այս ճանապարհն ընտրեցինք, և պատերազմը մեզ երջանիկ դարձրեց: 

 Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ